slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Բյուրոյի ներկայացուցիչները մասնակցել են զենքի քրեագիտական հետազոտությանը նվիրված 11-րդ միջազգային համաժողովին

News_Image

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները տնօրենի՝ գիտության գծով տեղակալ Պատվական Ոսկանյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 17-18-ը տեսակապի միջոցով մասնակցել են զենքի քրեագիտական հետազոտությանը նվիրված 11-րդ միջազգային համաժողովին: Սարատովի Ն.Գ. Չեռնիշևսկու անվան պետական համալսարանի կազմակերպած գիտաժողովին մասնակցում էին դատափորձագիտական ոլորտի հեղինակավոր մասնագետներ Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից, Ղրղզստանից, Իսրայելից, ԱՄԷ-ից, Շրի Լանկայից և այլ երկրներից։

Գիտաժողովի շրջանակներում մասնակիցներն անդրադարձել են զենքի, զինամթերքի և դրանց հետքերի քրեագիտական հետազոտության արդի խնդիրներին, այդ թվում՝ հրազենի նույնականացման, կրակոցի և պայթյունի հետքերի հետազոտման ֆիզիկաքիմիական մեթոդների կիրառմանը, քրեագիտությունում և դատաձգաբանական փորձաքննությունների բնագավառում կիրառվող "POISC" տեխնոլոգիաներին, "Random Forest" ալգորիթմի հիման վրա կրակված պարկուճների վրա երկրորդային հետքերի որոշմանը, AK-12 ինքնաձիգից արձակված կրակոցի հետքերի առանձնահատկություններին և այլն:

Համաժողովի շրջանակներում զեկույցով է հանդես եկել և Փորձաքննությունների ազգային բյուրոյում շուրջ 20 տարի իրականացվող դատաձգաբանական փորձաքննությունների ոլորտում առկա ձեռքբերումներն ու խնդիրներն է ներկայացրել Բյուրոյի ներկայացուցիչը:

Մեր փորձագետն իր զեկույցում անդրադարձ է կատարել ձեռքի հրազենի համար նախատեսված փամփուշտների բնութագրերի դատափորձագիտական առանձնահատկություններին, մասնավորապես՝ ակոսափող որսորդական կամ ակոսափող մարտական հրազենով կատարված հանցագործությունների դեպքերով փամփուշտների տեսակի և մոդելի (գնդակներ, պարկուճներ) պարզման մեթոդներին:

Մասնավորապես՝ Փորձաքննությունների ազգային բյուրոյում կատարված փորձաքննությունների արդյունքների վերլուծությունը ցույց է տվել, որ դատաձգաբանական փորձաքննություն իրականացնելիս՝ փամփուշտի տեսակը (մարտական, որսորդական) որոշելու համար առանձնակի ուշադրություն պետք է դարձնել հետազոտվող փամփուշտի մաս կազմող գնդակի բաղադրությանը, քանի որ փամփուշտի մաս հանդիսացող պարկուճի հատակին առկա գրառումները երբեմն չեն համապատասխանում փամփուշտի կոնկրետ տեսակին: Այս և նմանօրինակ այլ հարցերի պարզման համատեքստում չափազանց կարևոր է դատաձգաբանական փորձաքննությունների ոլորտում իրականացվող նոր մեթոդների և մեթոդիկաների կիրառումը՝ փորձաքննությունների որակի բարձրացման և գիտականորեն հիմնավորված, հավաստի արդյունքների ստացման առումով:

Գիտաժողովի ավարտին մասնակիցներին շնորհվել են համապատասխան վկայականներ։

Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է մասնակցությունը նմանօրինակ միջոցառումներին՝ ի նպաստ միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնմանը, մեր երկրում դատափորձագիտական հնարավորությունների արդիականացմանն ու ոլորտի կայուն զարգացման ապահովմանը։

26 October 2023